15 հուլիսի 2019 - 10:41 AMT
Ավինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի համաժողովին

Հուլիսի 15-20-ը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով լինելու է ԱՄՆ-ում: Նյու Յորքում Հայաստանի փոխվարչապետը մասնակցելու է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին և այլ միջոցառումների։

Այցի շրջանակում տեղի կունենան նաև հանդիպումներ ՄԱԿ-ի և մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փոխվարչապետի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Նյու Յորքում և Բոստոնում նախատեսվում են Տիգրան Ավինյանի հանդիպումները հայ համայնքի և հասարակական գործիչների հետ:

ԱՄՆ-ում է նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Նա հուլիսի 14-18-ն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում:

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը: