15 հուլիսի 2019 - 13:23 AMT
007 նոր գործակալի դերում սևամորթ կին կնկարահանվի

Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմում 007 գործակալի դերում հաստատվել է սևամորթ բրիտանացի դերասանուհի Լաշանա Լինչը: Աղբյուրները պնդում են, որ Լինչը խաղալու է ոչ թե Բոնդին, այլ նոր մի կերպարի, որին կփոխանցեն 007 համարը՝ հատուկ ծառայություններից Բոնդի հեռանալուց հետո, գրում է «Իզվեստիան» Daily Mail-ի վրա հղումով:

«Ֆիլմի սկզբում առանցքային մի դրվագ կա, երբ «մտեք,007» ողջույնից հետո հայտնվում է Լաշանան՝ գեղեիկ սևամորթ մի կին: Բոնդը նախկինի պես Բոնդ է, բայց որպես 007 գործակալի նրան փոխարինել է հիասքանչ մի կին»,-ասել է աղբյուրը:

Ըստ սյուժեի, Բոնդը թոշակի է գնում և մեկնում է Ճամայկա, որտեղից նրան կրկին ծառայության կկանչեն՝ «կանխելու համար գլոբալ ճգնաժամը»: Նշվում է, որ հատուկ գործակալը փորձելու է գայթակղել նոր աշխատակցին, սակայն Լաշանա Լինչի հերոսուհին չի արձագանքի իր ուշադրությունը գրավելու Բոնդի փորձերին:

Լաշանա Լինչը հայտնի է Մարիա Ռեմբոյի դերակատարմամբ «Կապիտան Մարվել» ֆիլմում:

Հատուկ գործակալի մասին 25-րդ ֆիլմի աշխատանքային անվանումն է Shatterhand: Դա Էռնստ Ստավրո Բլոֆելդի կեղծանունն է, հերոսի, որին հորինել է 007 գործակալի մասին վիպաշարի հեղինակ Յան Ֆլեմինգը: Ֆիլմը էկրան կբարձրանա 2020-ի ապրիլի 8-ին:

Հայտնի է, որ ֆիլմի նկարահանումներն ընթանում են Իտալիայում և Մեծ Բրիտանիայում: Ավելի վաղ ամերիկացի դերասան Ռամի Մալեկը պատմել էր, թե ինչպես է համաձայնություն տվել չարագործի դերը կատարելուն:

Բոնդի մասին ֆիլմաշարի առաջին ֆիլմն էկրան է բարձրացել 1962-ի հոկտեմբերին: Այդ օրվանից ի վեր Բոնդի դերը 6 դերասան է կատարել ՝ Շոն Քոներին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը, Թիմոթի Դալթոնը, Փիրս Բրոսնանը և Դենիել Քրեյգը: