15 հուլիսի 2019 - 11:56 AMT
Թուրքիայի ՍԴ-ն Կարսում հայ-թուրքական բարեկամության արձանի ապամոնտաժումը խոսքի և արվեստի ազատության խախտում է որակել

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրապարակել է Կարսում կառուցված հայ-թուրքական բարեկամության հուշարձանի վերաբերյալ վճիռը, որում հուշարձանի ապամոնտաժումը որակել է խոսքի և արվեստի ազատությունների խախտում, հայտնել է թուրքական Siyasihaber կայքը:

Երկրի ՍԴ-ն պարտավորեցրել է նաև պետությանը հուշարձանի հեղինակ, քանդակագործ Մեհմեթ Աքսոյին փոխհատուցում վճարել:

Հայաստանի հետ բարեկամության և հաշտության հուշարձանը, որն այժմ ստացել է Մարդկության հուշարձան անունը, կառուցվել է 2009 թվականին` Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների պատվին:

2011 թվականին Սարիղամիշի ճակատամարտի հերթական տարելիցի առթիվ Կարս կատարած այցելության ընթացքում այն ժամանակ դեռևս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուշարձանն անվանել էր «հրեշավոր»՝ պահանջելով քանդել այն:

Թուրք քանդակագործը 2014 թվականին դիմել էր Կարսի քաղաքապետարանին՝ հուշարձանն ապամոնտաժելու մասին ընդունած որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով։ Երկրի վարչական դատարանը որոշել էր ժամանակավորապես հետաձգել ապամոնտաժումը, սակայն Կարսի քաղաքապետարանը բողոքարկել է այդ որոշումը, և դատարանը, բավարարելով բողոքը, թույլ է տվել ապամոնտաժել հուշարձանը։ Ապամոնտաժման գործընթացը սկսվել է 2011 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին։ Հուշարձանի քանդման դեմ Կարսում բողոքի ակցիաներ են անցկացվել։