Սևանա լճի ափամերձ շինությունների սեփականատերերը հուլիսի 15-ի առավոտյան փակել էին Սևան-Գավառ ավտոճանապարհը, հայտնել է Սևանի համայնքապետարանը:
Նրանք պնդել են, որ լճի աղտոտվածության մասին խոսակցությունները կեղծ են, իսկ «իրականությանը չհամապատասխանող այդ լուրերի պատճառով» հանգստացողները խուսափում են լիճ հանգստի մեկնելուց։ Դրանից իրենք հսկայական վնասներ են կրում:
Ճանապարհը փակած քաղաքացիները պահանջել են, որ իրենց ընդունեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Այս պահին նրանց հետ հանդիպում է Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը:
Սևանա լիճը պատվել է կանաչ ջրիմուռներով՝ «ծաղկել» է: Ըստ մասնագետների, ֆոսֆորի քանակը Սևանա լճում նվազում է, առաջիկա 7-10 օրի ընթացքում ջրի կանաչ գույնը կվերանա:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորել էր զերծ մնալ լճում լողալուց: