15 հուլիսի 2019 - 18:43 AMT
Պատգամավորը՝ Սևանում զբոսաշրջիկների սակավության մասին. Ցածր որակ է և բարձր գին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սևանա լիճ զբոսաշրջիկների սակավ հոսքի իրական պատճառներին:

«Գործարարներն ասում են, որ մարդ չի գալիս Սևան։ Պատճառն էլ նշում են՝ ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունն է: Հիմա, սիրելի գործարարներ, տուրիստների բացակայության իրական պատճառների մասին։ Արդեն տասը տարի է, ինչ տուրիստների քանակը տարեցտարի նվազում է, անկախ նրանից, ջուրը կծաղկի, թե՝ ոչ։ Մարդկանց պահանջարկը փոխվել է։ Երկաթյա անհրապույր «դոմիկների» դարն ավարտվել է, կապույտ կտորով ծածկված տաղավարներ մարդիկ չեն ուզում այլևս։ Տուրիստներին պետք է միջին որակի և միջին գնի ծառայություն մատուցել։ Իսկ մեզ մոտ ցածր որակ է և միջին կամ բարձր գին», - գրել է Կարապետյանը։

Պատգամավորը շեշտել է, որ հենց սա է տուրիստների նվազման իրական պատճառը։

«Հիմա պետք է մտածել, թե ինչպես բարձրացնել ծառայությունների որակը, բայց որ գինը չբարձրանա, ինչպես միջազգային մրցակցության մեջ լավագույն տեսակի ու որակի ծառայություններ մատուցել: Հիմա դուք ուզում եք քիչ հարկ տալ, վարձակալության վճար չտալ, որ առողջապահության նախարարը խաբի։ Հիմա դուք ձեր իսկ պետությանը հակադրում եք ձեզ ու փորձում մաքսիմումը պոկել», - նկատել է պատգամավորը:

Նա առաջարկել է հավաքվել, հրավիրել բոլոր շահագրգիռ կողմերին, լուծումների ու զարգացման մասին խոսել:

«Ու չպետք է մոռանանք, որ Սևանը առաջին հերթին հանգստի ու տնտեսավարման գոտի չէ, այլ քաղցրահամ խմելու ջրի համաշխարհային նշանակության բնական պաշար, հոգևոր ու մշակութային արժեք, ազգաստեղծ ու ազգապահպան գործոն», - եզրափակել է պատգամավորը:

Սևանա լճի ափամերձ շինությունների սեփականատերերը հուլիսի 15-ի առավոտյան փակել էին Սևան-Գավառ ավտոճանապարհը, հայտնել է Սևանի համայնքապետարանը:

Նրանք պնդել են, որ լճի աղտոտվածության մասին խոսակցությունները կեղծ են, իսկ «իրականությանը չհամապատասխանող այդ լուրերի պատճառով» հանգստացողները խուսափում են լիճ հանգստի մեկնելուց։ Դրանից իրենք հսկայական վնասներ են կրում: