16 հուլիսի 2019 - 13:27 AMT
Ավինյանը՝ Նյու Յորքում. Կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանի գոյությանը

Կլիմայի փոփոխությունը սպառնալիք է Սևանի համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ելույթ ունենալով «կլիմայի էկոնոմիկայում» ներդրումներին և էներգետիկ անվտանգությանը նվիրված համաժողովում:

Հայաստանի փոխվարչապետը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին:

Ըստ Ավինյանի, կլիմայի փոփոխությունը մեծ ազդեցություն ունի Հայաստանի լանդշաֆտի վրա: «Կլիմայի փոփոխությունից առավել տուժած հատվածը Սևանա լիճն է: Օդի ջերմաստիճանի բարձրացման պատճառով մենք կարող ենք կորցնել լիճը»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ իշխանություններն աշխատում են այդ խնդրի լուծման ուղղությամբ: «Առաջին հերթին, մենք փորձում ենք բարձրացնել ջրի մակարդակը լճում, մոտ 6 մետրով»,-ասել է նա: Ըստ Ավինյանի, դրա շնորհիվ, սառը ջրի շերտն ավելին կլինի և թույլ կտա պահպանել Սևանը որպես լիճ: «Մենք զգում ենք ջերմաստիճանի փոփոխությունը, դա զգում են նաև ֆլորան ու ֆաունան»,-ասել է նա:

«Կարծում եմ, Հայաստանում բավականին երկար ժամանակ չեն մտածել կլիմայի փոփոխության մասին, մինչև որ չզգացին այդ հարվածը հենց երկրի սրտում: Այժմ մենք հասկանում ենք, որ դա շատ լուրջ խնդիր է: Շրջակա միջավայրի խնդիրները, ցավոք, անդառնալի են, ուստի հարկ է հիմա մեծ ուշադրություն դարձնել այդ հարցերին»,-ասել է Ավինյանը: