ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Սևանա լճի 11 տարբեր տարածքից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է:
«11 տարածքից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է մեր հետազոտություններով: Հետազոտությունները կլինեն շարունակական, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք», -գրել է նախարարը:
Սևանա լիճը պատվել է կանաչ ջրիմուռներով՝ «ծաղկել» է: Ըստ մասնագետների, ֆոսֆորի քանակը Սևանա լճում նվազում է, առաջիկա 7-10 օրի ընթացքում ջրի կանաչ գույնը կվերանա:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորել էր զերծ մնալ լճում լողալուց: