18 հուլիսի 2019 - 12:57 AMT
Երևանում մոտ 35-40,000 հանդիսատեսի համար կառուցվելիք ազգային մարզադաշտի ներդրողը $300 մլն կհատկացնի

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երևանում կառուցվելիք Ազգային մարզադաշտը կլինի միջազգային ստանդարտներին համապատասխան և կտեղավորի մոտ 35-40,000 հանդիսական:

«Դեռևս ապրիլ ամսվա վերջին մեկնել էի ԱՄՆ, որպեսզի տեղում բանակցություններ վարեմ հնարավոր ներդրողի հետ: Ամերիկյան ներդրողն արդեն իսկ պաշտոնական առաջարկ է կազմել և ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Ներդրողը պատրաստ է մինչև $300 մլն-ի ներդրում կատարել Հայաստանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ կառուցելու համար», - ասել է Լոռեցյանը:

Փոխնախարարը նշել է, որ մարզադաշտը կառուցվելու է Երևան համայնքի տարածքում, քանի որ ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ ունենալ Երևանից դուրս՝ նշանակում է հնարավորություն չունենալ ընդունել միջազգային ամենաբարձր մակարդակի հանդիպումներ, ինչպիսին են եվրոպական եզրափակիչները կամ Եվրոպայի առաջնության խաղերը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ազգային մարզադաշտը կկառուցվի մարզում: