22 հուլիսի 2019 - 11:01 AMT
Իջևանում ապօրինի ծառահատման հետևանքները. Արբանյակային լուսանկարներ

Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Իջևանի անտառպետության մոտ 800 հեկտար մակերեսով անտառամասում մեկ տարվա հատումների ինտենսիվության դինամիկան ցույց տվող արբանյակային լուսանկարներ:

«GIF-ի առաջին արբանյակային պատկերը 2018-ի հուլիս ամիս, երկրորդ ՝ 2019-ի հուլիս ամիս և երրորդ՝ 2019թ-ի հուլիս ամսվա արբանյակային պատկերը համադրված անտառպետության թափանցիկ քարտեզի (դեղին եզրագծով) հետ, կանաչ գույնով թվերը՝ քառակուսիների և անտառային հատվածների համարներն են: Եվ ամբողջ անտառտնտեսության տարածքով այս վիճակն է»,- նշել է նա:

Մեկ այլ գրառմամբ Այսեր Ղազարյանը տեղադրել է Իջևանի ԱՏ մասնաճյուղի նույն անտառամասի 2018-2019-ի անտառհատման դինամիկան արդեն օպտիկական, բազմասպեկտրալ արբանյակային պատկերների ինֆրակարմիր, կարմիր և կանաչ «գույների» համադրմամբ:

«Այստեղ անտառը հիմնականում մուգ կարմիր երանգով է: Դեղին եզրագծով պոլիգոնները որպես օրինակներ են ընդգծված , որոնցում ինտենսիվ ծառահատումներ են իրականացվել, և դրանց գունային երանգին համասեռ այլ տարածքներ ևս ինքնուրույն կարող եք հատկորոշել»:

Իջևանում տեղի ունեցած իրադարձություններին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաև ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»,- ասել է նա: