22 հուլիսի 2019 - 12:31 AMT
Վարչապետ. Ունենալ այնպիսի բանակ, որ հակառակորդը հասկակա՝ մեզ հետ կռվելն անիմաստ է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը. նա ելույթ է ունեցել:

«Յուրաքանչյուր սպայի հեղինակությունը շատ ավելի մեծ պետք է լինի, քան նրա ուսադիրների զինվորական նշանակությունը։ Ուսադիրների նշանակությունը մեծանում է ենթակաների հարգանքով։ Դա ձեռքբերում է, որը դուք վաստակելու եք ծառայելով։ Մաղթում եմ, որ ձեր հանձնառությունը այս ճանապարհն անցնելու լինի արդյունավետ, առավել հաղթական՝ մեր երկրի, մեր ժողովրդի և ձեզ համար», - ասել է վարչապետը։

Նա առանձնահատուկ ողջունել է զինվորական շարքերում կանանց ներգրավվածությունը։

«Սա մեր հանրության կարևորագույն ցուցիչ է։ Հայաստանում կանայք ունեն մեծ ներուժ։ Կանայք մեր բնակչության մեծամասնությունն են։ Մենք պարտավոր ենք ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները, որ նրանք կարողանան ծառայել զինված ուժերում, պետական համարկագում, տնտեսության մեջ և ամենուր», - շեշտել է վարչապետը։

Փաշինյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունը խաղաղասիրական պետություն է։

«Խաղաղության հիմնական երաշխիքը մեր զինված ուժերն ու մեր բանակն են։ Բայց ես ուզում եմ ընդգծել, թե մեզ ինչպիսի խաղաղություն է պետք։ Չինական զինվորական ռազմավարությունը արձանագրում է․ տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի։ Մենզ ահա այսպիսի խաղաղություն է հարկավոր։ Մենք պետք է ունենանք այնպիսի զինված ուժեր, պետություն, հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելը իմաստ չունի, արդյունքը և հետևանքը մեկն է։ Մենք բոլորս անկախ նրանից՝ համազգեստ ենք կրում, թե ոչ, այս հաղթանակների զինվորներն ենք։ Մենք բոլորս առաջնագծից մինչև ԱԺ պետք է ծառայենք այդ նպատակին»,- ասել է Փաշինյանը։