22 հուլիսի 2019 - 15:18 AMT
ԵՄ դեսպան. ՀՀ-ում դատական իշխանության անկախությունը թուլացնելու միտում չկա

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ-ում դատական իշխանության անկախությունը թուլացնելու միտում չկա:

«Հաշվի առնելով այն բոլոր քննարկումները, որ ունեցել եմ հայկական կողմի հետ, ես որևէ պատճառ չունեմ այս պահին անհանգստանալու, թե միտում կա որեւէ կերպ թուլացնել դատական իշխանության անկախությունը Հայաստանում։ Քննարկումներում անկախության գաղափարը գերակայել է։ Աշնանը դատական համակարգի բարեփոխումների ևս մեկ քննարկումների փուլ կսկսվի», - ասել է դեսպանը:

Սվիտալսկին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստ է զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին:

«ԵՄ-ն շատ հստակ աջակցություն է հայտնել ՀՀ-ում դատաիրավական բաեփոխումներին: Այս աջակցությունը տարբեր մակարդակներում ներկայացվել է մեր հայ գործընկերներին: Մենք պատրաստ ենք ապահովել քաղաքական, խորհրդատվական և ֆինանսական աջակցությունը», - ասել է դեսպանը: