22 հուլիսի 2019 - 18:21 AMT
Էջմիածնում թափառող շների սպանդի դեպքով վարչական վարույթ կա

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Էջմիածնում թափառող շների սպանդի դեպքով վարչական վարույթ է հարուցվել:

Նշվում է, որ վերջերս «Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը սոցիալական ցանցերից մեկում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի օրեր առաջ Էջմիածին քաղաքում անհայտ անձինք թափառող շների սպանդ են իրականացրել։

Կատարվածի վերաբերյալ «Դինգո թիմ» կազմակերպության ներկայացուցչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում դիմում էր վերցվել։

Բաժնի ծառայողների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների ակտիվ գործակցության ու տարված բացատրական աշխատանքի արդյունքում՝ հուլիսի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել Էջմիածնում ապրող 57-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ինքն է շներին իր օրինական որսորդական հրացանով կրակել՝ պատճառաբանելով, որ կենդանիները փորձել են մանկահասակ երեխաներին վնասել։