23 հուլիսի 2019 - 11:36 AMT
Արարատում մոտ 5 կմ երկարությամբ երկու ճանապարհ կվերականգնվի

Արարատի մարզում կվերականգնվի կենսական նշանակության ևս մոտ 5 կմ երկարությամբ երկու ճանապարհահատված։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, այդ մասին կնքվել է պայմանագիր նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և շինարարական աշխատանքների մրցույթը շահած կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի միջև։

Կվերականգնվեն Տ-2-30-Նորաշեն-Դվին 2.7 կմ և Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապիարհահատվածները։

Շինաշխատանքները կմեկնարկեն առաջիկա շաբաթվա ընթացքում, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է շինաշխատանքների մեկնարկից հետո 9 ամսվա ընթացքում։

Կապալառու կազմակերպության կողմից իրականացվելիք աշխատանքները ներառում են՝ գոյություն ունեցող ծածկի քանդում, հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնում, ավազակոպճային ենթահիմքի, խճավազային հիմքի կառուցում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ճանապարհի կահավորման և անվտանգության էլեմենտների տեղադրում և այլն։