23 հուլիսի 2019 - 11:47 AMT
Սահմանապահ Կոթին էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրում է

Պետական սահմանից 2.5 կմ հեռավորության վրա գտնվող Կոթի գյուղը ժամանակ առ ժամանակ ենթարկվել է հակառակորդի ռմբակոծությանը: Դրանից տուժել են ոչ միայն մասնավոր տներ, այլև մշակույթի տունը:

Կրակահերթի հետևանքների լուռ վկան են դարձել նաև համայնքապետարանի պատերը: Գյուղի վարչական տարածքի ղեկավարը՝ Ֆելիքս Մելիքյանը, հավաքել ու պահել է տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակված փամփուշտներ և արկի բեկորներ: Այդ թվում՝ 2018-ի սեպտեմբերին արձակվածներից, որի ընթացքում վիրավորվել էր համագյուղացիներից մեկը:

«Հավաքված փաստերը» չեն թուլացրել գյուղում ապրելու և այն շենացնելու՝ կոթեցիների նպատակը: Նրանց անվտանգության ապահովման համար, սակայն, առաջնահերթ խնդիր է հատկապես գիշերային ժամերին՝ փողոցների լուսավորության ապահովումը: Գյուղում այն մասնակի լուծվել է տարբեր կառույցների աջակցությամբ, բայց բավարար չէ՝ խնդիրը լուծված համարելու համար:

«Կոթին հարևան երկրի հետ մոտ 38 կմ երկարությամբ սահմանագիծ ունի: Կա փողոցային լուսավորության և լիարժեք անվտանգության ապահովման խնդիր: Հակառակորդը ցանկության դեպքում կարող է գյուղը թիրախավորել ավելի հարմար՝ ցերեկային լուսավորության ժամերին: Առավել ևս, բնակիչների ավելի ակտիվ շարժի ժամանակահատվածում: Լուսավորված փողոցը ուղերձ է հակառակորդին, որ մենք այստեղ ենք, գյուղը շնչում է, կա: Մյուս կողմից դա կարևոր է նաև անվտանգության տեսանկյունից. սահմանամերձ գյուղերում գիշերային ժամերին, փողոցի մթության մեջ որևէ շարժ, երբ տեսանելի չէ, կասկածի տեղիք է տալիս: Նման խնդիրը լուծել համայնքի համեստ բյուջեի միջոցներով՝ հնարավոր չէ»,-ասել է վարչական տարածքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը:

Կոթին հայտնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում:

«Մենք այս տարի շարունակում ենք այն, ինչ նախաձեռնել ենք տարիներ առաջ. սոցիալական ներդրումների փաթեթի իրականացումը: Այս տարի ուշադրությունը մեծ է լինելու հեռավոր գյուղերում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Լինելու են նաև այլ ծրագրեր, սակայն ծրագրերի գերակշիռ մասն ուղղված է լինելու հատկապես սահմանի գյուղերին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կոթիում կկառուցվի արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ: Նախատեսվում է տնտեսական ու բնապահպանական արդյունավետություն ապահովող LED համակարգով լուսավորել գյուղի հյուսիսային թաղամասերից մեկն ամբողջությամբ՝ շուրջ 1550 մ երկարությամբ ճանապարհ: ժամանակակից ենթակառուցվածքի զարգացումը կլուծի երեկոյան ժամերին անվտանգ երթևեկելու և քայլելու խնդիրը: Կարևոր ձեռքբերումներից կլինի նաև ֆինանսական ռեսուրսների խնայողությունը. ներդրվող համակարգը համարվում է լուսավորման ամենաէներգախնայող միջոցն աշխարհում: