23 հուլիսի 2019 - 14:09 AMT
ԿԱՐԾԻՔ
Սայլը ձիուց առաջ կամ ինչու Ստամբուլյան կոնվենցիան պետք չէ ոչ մեկին, բացի աղմկողներից

Թե նրանք, ում կարծիքով Ստամբուլյան կոնվենցիան հայ ազգին գեյ և սադոմազոխիստ է դարձնելու, թե նրանք, ովքեր պնդում են, որ կոնվենցիան փրկելու է հայ կանանց տանը ծեծվելուց, և թե նրանք, ովքեր նշված ճամբարներից մեկնումեկին ի սրտե, փողով կամ այլ հաշվարկով պաշտպանում են, զբաղված են ջուր ծեծելով։ Նրանք կամ սխալվում են, կամ լկտիորեն ստում, կամ էլ «լապշա» են կախում ժողովրդի ու, միգուցե, անգամ ինքներն իրենց ականջներին։

Հասկանալու համար՝ ինչ է իրենից ներկայացնում այդ փաստաթուղթը, որքանով է այն նպաստելու կանանց անվտանգությանը, իսկ որքանով է հայերին գեյ դարձնելու, անգամ պետք չէ կարդալ կոնվենցիան (ես, օրինակ, այն չեմ բացել ու չեմ էլ պատրաստվում)։ Բավարար է իմանալ, որ այդ թուղթն առաջինը հեռավոր 2012-ում վավերացրել է մարդու իրավունքների, կանանց հավասարության, կրոնական ու սեռական փոքրամասնությունների հանդեպ տոլերանտության ու քաղաքական ազատությունների տեսանկյունից այնպիսի «օրինակելի» երկիր, ինչպիսին է․․․ Թուրքիան։

Հիմա՝ բացում ենք կախարդական Google-ն ու մի րոպեում պարզում, որ կոնվենցիայի ընդունմանը հաջորդած 5 տարում՝ 2013-18-ին, այդ հրաշք երկրում կանանց սպանությունների թիվն աճել է գրեթե 2 անգամ՝ 237-ից դառնալով 440։ Ընդ որում, 2018-ին կանանց 85%-ին կամ 374 հոգու սպանել են զուգընկերները կամ ընտանիքի անդամները, այսինքն, նրանք դարձել են ընտանեկան բռնության զոհ։ Նաև պարզում ենք, որ այդտեղ աղջիկների 1%-ին ամուսնացնում են 15 տարեկանը դեռ չլրացած, իսկ 15%-ին՝ մինչև չափահասություն։

Հասկանալու համար. Հայաստանում 2016-18 թթ. ընտանեկան բռնության արդյունքում սպանվել է համապատասխանաբար 3,4 և 2 կին (սա, միևնույն է՝ շատ-շատ վատ թիվ է. միակ ընդունելի թիվը 0-ն է): Այսինքն, փաստաթուղթն առաջինը ստորագրած ու վավերացրած Թուրքիայում 100 հազար բնակչի շնչով 6-7 անգամ շատ կին է սպանվում սեփական հարկի տակ, քան այդ թուղթը մի կերպ ստորագրած ու չվավերացրած Հայաստանում: Վերջ: Այսքանը: Այդ թղթի կտորը ոչ միայն չի օգնել հաղթահարելու խնդիրը, այլև նույնիսկ չի կարողացել կանխել ընտանեկան բռնության վերելքն այդ երկրում

Նույն կերպ կոնվենցիան զրո վնաս է հասցրել «թուրքական ազգային ինքնությանը»։ Այդ երկրի հասարակությունը ոնց կար, այդպես էլ մնում է գեյերից մինչև քրդեր ու հայերից մինչև հրեաներ բոլորին չսիրող երկիր։

Ի դեպ, առաջին գեյ-շքերթն այնտեղ անցկացրել են կոնվենցիայի հայտնվելուց 10 տարի առաջ՝ 2003-ին։ Բայց, միաժամանակ, 2040-ին այդ երկրում 100 մլն մարդ է ապրելու։

Եվ ուրեմն՝ ինչո՞ւ են Թուրքիայում կանանց սպանում/ ծեծում/ բռնաբարում ավելի հաճախ, քան Հայաստանում, իսկ Հայաստանում՝ ավելի հաճախ, քան ինչ-որ պայմանական Սլովենիայում։ Որովհետև բռնության պատճառները ոչ թե թղթերում են, այլ մշակույթում ու տնտեսությունում, հեռուստաեթերում ու դպրոցում, կենցաղում ու օրինապաշտությունում. մի խոսքով՝ նրանում, ինչը ձևավորում է հայի, թուրքի ու սլովենացու գանգատուփի պարունակությունը և բարոյական նորմերը։

Եթե վաղը միանանք գիշերային հրավառությունները դատապարտող կոնվենցիային, դա չի խանգարի Երևանում բնակվող չորքոտանիներին խաթարել մեր անդորրը, ոչ էլ նրանց օրինապահ համեստ պրոֆեսոր կդարձնի։ Նույնկերպ, թղթի կտորները չեն կանխելու բռնությունը․ այլ միջոցներ են պետք։ «Բայց կոնվենցիան նաև ասում է, որ պետք է բռնությունը հանդուրժող մշակույթը փոխել»,- կհակաճառեն դրա պաշտպանները։ «Շատ բան է կոնվենցիան ասում՝ ասելով չէ, անելով է», - կասենք մենք՝ կրկին հիշեցնելով Թուրքիայի օրինակները։

Այսինքն, ոչ որևէ օգուտ, ոչ էլ որևէ վնաս այդ փաստաթղթի ընդունումից կամ չընդունումից լինել պարզապես չի կարող։ Միակ արդյունքը քաղգործիչների հավաքած էժան դիվիդենտներն են և լրիվ անիմաստ տեղն իրար դեմ լարվող ժողովրդի տարբեր հատվածներն ու փաստաթուղթը տպելու համար հատվող Ամազոնիայի անտառները։

Հետևաբար, այդ աղմուկը պիտի օր առաջ դուրս շպրտվի հայերին հուզող թեմաների շրջանակից, թեկուզ այս անիմաստ կոնվենցիայից հրաժարվելու գնով: Ակնհայտ է, որ ոչ ոք, բացի այդ փուչիկը 2 կողմից փչածներից, դրանից չի տուժի։

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net