ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտվել է կեղծ թղթադրամներ իրացրած անձը և թղթադրամների պատրաստման եղանակը։
ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ, հաղորդում է ստացվել Երևանում գործող դեղատներից մեկում կեղծ թղթադրամների իրացման վերաբերյալ։
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացին տպարանում պատվիրել է տպագրել 10,000 դրամանոց թղթադրամներ՝ կասկած չհարուցելու համար դրանց ներքևի հատվածում նշելով՝ «տպագրված է նկարահանման համար»։
Այնուհետև նշված թղթադրամների վրայից գրառումները կտրել և կեղծ թղթադրամներն իրացրել է Երևանում և տարբեր մարզերում: Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են լազերային տպիչ սարքերը և 368 հատ դեռևս ոչ վերջնական տեսքի բերված 10,000 դրամանոց կեղծ թղթադրամներ։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածով։ Միջոցներ են ձեռնարկվում՝ շրջանառության մեջ դրված կեղծ թղթադրամների այլ նմուշներ հայտնաբերելու և իրացման այլ դեպքեր բացահայտելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն։
Ուշադրություն․ ԱԱԾ-ն հորդորում է՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն նշված ԴԱ 90333076 սերիայով 10,000 դրամանոց թղթադրամներ, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 015-56-27-24:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։