23 հուլիսի 2019 - 18:58 AMT
Գնդեվազի նախկին ղեկավարի որդին արոտավայրը 410,130 դրամով է գնել, վաճառել 147.3 մլն դրամով

ՀՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը. պետությանը պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, տվյալներ են ձեռք բերվել՝ հողատարածքների օտարման գործընթացում Գնդեվազ համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների վերաբերյալ, պարզվել է մեխանիզմը:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ ՓԲ ընկերությունը հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանդիսանալով հողերի օտարման աճուրդ կազմակերպող մարմնի ղեկավար, համայնքի ղեկավարի որոշմամբ և հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը, համայնքի արոտավայր հողատարածքներից 9.91 հեկտար հողատարածքը 2014-ի մայիսի 29-ին 410,130 դրամով աճուրդային կարգով վաճառել է իր որդուն, որը իր հերթին նշված հողատարածքը 2015-ի մայիսի 26-ին անհամեմատ թանկ՝ 147.3 մլն դրամով, վաճառել է հիշյալ ՓԲ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով համայնքին:

Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 50 մլն դրամի չափով:

Գնդեվազ համայքնի նախկին ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: