5 օգոստոսի 2019 - 13:36 AMT
2019-ի հունվար-հունիսին ՀՀ-ում ամեն 100 աղջկա դիմաց 110 տղա է ծնվել

2019 թվականի առաջին կիսամյակում 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ Հայաստանում աղջիկ-տղա խախտված հարաբերակցությունը փոքր-ինչ փոխվել է հօգուտ աղջիկների:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց ծնվել է 110 տղա. ընդհանուր առմամբ, ծնվել է 8451 տղա և 7660 աղջիկ:

2018 թվականի ատաջին կիսամյակում երկրում աղջիկ-տղա հարաբերակցությունը կազմել է 111.6-100: Նշված ժամանակահատվածում 7648 աղջիկ է ծնվել, 8541 տղա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նորմա է ընդունում 105-100 տղա-աղջիկ հարաբերակցությունը:

ՀՀ-ում հարաբերակցությունը չնայած խախտված է, սակայն վերջին տարիներին ցուցանիշը բարելավվել է. 2014-ին ՀՀ-ն երրորդն է եղել աշխարհում (2-րդը՝ Ադրբեջանը, 1-ինը՝ Չինաստան) խախտված հարաբերակցությամբ՝ 114-100: Այս երեք երկիրն առաջատարն են աշխարհում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհանտումների թվով: