9 օգոստոսի 2019 - 12:10 AMT
Ղրղզստանի նախկին նախագահը մեկուսարանում է

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը այդ երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարանում է, որտեղ կմնա մինչև օգոստոսի 26-ը: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարևը:

Ըստ նրա, նախկին նախագահին նախնական մեղադրանք է ներկայացվել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Օգոստոսի 7-ին Ղրղզստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները սկսել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին ձերբակալելու գործողությունը: Նրան կասկածում են կոռուպցիայի մեջ և զրկել են անձեռնմխելիությունից: Սակայն, նախկին նախագահի կողմնակիցները Կոյ Տաշ գյուղում դիմադրություն են ցույց տվել, որի հետևանքով հատուկ նշանակության ջոկատի 1 զինծառայող զոհվել է, 52 մարդ վիրավորվել: Նախկին նախագահին ձերբակալել չի հաջողվել:Ատամբաևը խոստովանել է, որ անձամբ է կրակել գրոհողների վրա: Այդ մասին նա օգոստոսի 8-ին ասել է լրագրողներին:

Օգոստոսի 8-ի առավոտյան բախումները վերսկսվել են, տուժածների թիվը հասել է 80-ի: Երկար բանակցություններից հետո Ատամբաևը հանձնվել է, նա տեղափոխվել է Բիշքեկ:

Ատամբաևը գլխավորել է Ղրղզստանը 2011-2017թթ.: Նա կամավոր է փոխանցել իշխանությունը Ժեենեբեկովին: Հունիսին խորհրդարանը մեղադրանքների ցուցակ է ներկայացրել Ատամբաևի դեմ դատախազությանը: Համարվում է, որ Ատամբաևը կարող է առնչություն ունենալ կոռուպցիային Բիշքեկի արդիականացման ժամանակ, քրեական հեղինակություն Բատուկաևին ապօրինի ազատելու մեջ: Ատամբաևին զրկել են անձեռնմխելիությունից: