10 օգոստոսի 2019 - 12:21 AMT
Մոսկվայում 1 ամսում 5-րդ բողոքի ակցիան կանցկացվի. Մոտ 100.000 մարդ կմասնակցի

Օգոստոսի 10-ին Մոսկվայում ակադեմիկոս Սախարովի պողոտայում արտոնված հանրահավաք տեղի կունենա՝ ի աջակցություն Մոսկվայի քաղաքային դումայի չգրանցված թեկնածուների: Ցույցը կարող է ամենազանգվածայինը դառնալ՝ հայտագրված է մոտ 100.000 մասնակից:

Դա ամսվա ընթացքում 5-րդ մեծ ակցիան է Մոսկվայում: Նախորդ 4 ակցիաների ժամանակ միայն մեկը՝ հուլիսի 20-ի ակցիան էր արտոնված, 3 մյուսը՝ հուլիսի 14-ի, 27-ի և օգոստոսի 3-ի ակցիաներն ավարտվեցին ցուցարարներին ցրելով և զանգվածային ձերբակալություններով, գրում «Վեդոմոստին»:

Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են, որ թույլատրվի անկախ թեկնածուների մասնակցությունը Մոսկվայի քաղդումայի ընտրություններին: Հանրահավաքը կանցնի առանց ընդդիմության գլխավոր առաջնորդների՝ Պետդումայի նախկին պատգամավոր Դմիտրի Գուդկովի, Կրասնոսելսկի շրջանի պատգամավորների խորհրդի ղեկավար Իլյա Յաշինի և այլոց, ինչպես նաև առանց Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնու: Նավալնին դեռ կալանքի տակ է՝ չարտոնված ակցիաների կոչերի համար:

Հանրահավաքին մասնակցելու մտադրության մասին են հայտնել հայտնի լրագրող Յուրի Դուդը, Հեռուստահաղորդավար Լեոնիդ Պարֆյոնովը, ինչպես նաև հայտնի երաժիշտներ, այդ թվում ռեփերներ Oxxxymiron-ն ու Face-ը: Իշխանությունները, սակայն, արգելել են երաժշտական համարները հանրահավաքում, սակայն Face-ը, Icepeak-ը մտադիր են այնուամենայնիվ ելույթ ունենալ:

Հուլիսի 27-ի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 1373 մարդ, օգոստոսի 3-ի ակցիային՝ 1001: ՆԳՆ-ն հայտնել է 1074 և 600 ձերբակալվածի մասին համապատասխանաբար: ՌԴ ՔԿ-ն քրգործեր է հարուցել զանգվածային անկարգությունների մասին, որոնցով ձերբակալվել է 10 մարդ: