12 օգոստոսի 2019 - 14:21 AMT
Փաշինյանը շնորհավորել է դեսպան Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ.

«Հարգելի Վլադիմիր Նիկոլայի,ը նդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: Որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ ներկայացուցիչ և համանախագահ՝ Դուք լրջագույն ավանդ եք ունեցել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների սկզբնավորման գործում: Անգնահատելի են Ձեր ջանքերը կողմերի միջև զինադադարի համաձայնության ձեռքբերման, հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի ապահովման և բանակցությունների լիարժեք ձևաչափի ձևավորման ուղղությամբ:Ավարտելով Ձեր կարևոր միջնորդական գործունեությունը՝ Դուք չեք հեռացել մեր տարածաշրջանից՝ մշտապես Ձեր փորձը ծառայեցնելով երկարատև խաղաղության հաստատման նպատակին»:

Նշվում է նաև, որ Կազիմիրովի գնահատականներն ու մեկնաբանությունները աչքի են ընկել անաչառությամբ և հակամարտության պատճառներին ու հետևանքներին խորապես ծանոթ լինելու փաստով:

«Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Ձեր միջնորդական գործունեությունը Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման, տարածաշրջանում կայունության ապահովման գործում:Հարգելի Վլադիմիր Նիկոլայի, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք»,-ասվում է ուղերձում:

Վլադիմիր Կազիմիրովը 1992-ին նշանակվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, 1994 թվականին՝ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ։ ՌԴ ներկայացուցիչը ԵԱՀԿ Մինսկի խմբում (1992), 1994-1996 թվականներին՝ համանախագահ։

Կազիմիրովի անմիջական մասնակցությամբ են ընթացել հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Մոսկվայում 1992 թվականի մայիսին զինադադար՝ հաստատելու բանակցությունները։ Հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հոդվածներով և զեկույցներով հանդես է եկել մամուլում և համաժողովներում։