15 օգոստոսի 2019 - 11:28 AMT
Բողոքի ակցիա կառավարության մոտ՝ «Ոչ մի հետքայլ Ամուլսարի հարցում»

ՀՀ կառավարության շենքի առջև ընթանում է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Ակցիայի մասնակիցները բերել են պաստառներ՝ «Ամուլսարն ասում է՝ դուխո՛վ», «Ոչ մի հետքայլ Ամուլսարի հարցում» և այլ գրություններով:

Նրանք նշում են, որ պայքարը հանուն Ամուլսարի շարունակվելու է, ապա ընդգծել են՝ կառավարության այսօրվա նիստը կարևոր է, հայտնում է Shantnews-ը:

Ցուցարարները նշել են, որ ուսումնասիրություններ կատարած փորձագիտական խումբը պատասխանել է, որ շրջակա միջավայի ազդեցության գնահատումները թերի են, համապատասխան հետևություններն անվստահելի են: Հետևաբար, հարցին, թե արդյո՞ք հանքավայրի ընդհանուր շահագործումը կարող է համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել:

Ցուցարարները նշում են, որ եթե փորձագիտական եզրակացությունն այսպիսին է, ապա, ինչպես Քննչական կոմիտեն է հայտնում ի լուր ամբողջ աշխարհի՝ վերոնշյալ եզրակացությունից ելնելով՝ ոչ մի խնդիր չկա:

Բողոքի մասնակիցները նաև շեշտում են, որ ոչ մի փորձագիտական եզրակացության մեջ հաշվի չի առնվել Ջերմուկի բնակիչների կարծիքն ու բողոքները՝ կապված հանքի շահագործման հետ.

Օգոստոսի 14-ին Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի փորձաքննության վերջնական եզրակացությունը:Կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով $396,900։

Եզրակացության մեջ ասվում է, որԱմուլսարի հանքը չի ազդի Ջերմուկի ջրերի և Սևանի վրա:Միջնույն ժամանակ փորձագիտական խումբը «Լիդիան Արմենիայի» կողմից ներկայացված մեղմման միջոցները գնահատել է ողջամիտ, սակայն առաջարկել է լրացուցիչ միջոցներ, և շեշտել, որ եթե այդ միջոցառումներն իրականացվեն բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։