15 օգոստոսի 2019 - 11:57 AMT
ՔԿ նախագահ. «Լիդիանի» քրհետապնդման հիմքեր չկան, պատրաստ են մեղմման 15 միջոց կիրառել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական հետապնդման հիմքեր չկան:

«Ստացված եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս այս փուլում ենթադրել, որ 1 տարուց ավելի քննվող քրեական գործով, որը հարուցված է եղել Քրեական օրենսգրքի 282 հոդվածով, որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու հիմք չկա»,- ասել է Գրիգորյանը, հայտնում է Shantnews-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճշգրտմանը, թե արդյո՞ք գործը կարճվելու է, Գրիգորյանը պատասխանել է.«Որոշման վրա աշխատում ենք, այս փուլում մեղադրանք առաջադրելու և հետապնդման ենթարկելու հիմք չկա, այո՛, ուղղվածությունը դա է գործի քննության»:

Հայկ Գրիգորյանը խոսել է Ամուլսարի շահագործման մասով փորձաքննության մասին ու ներկայացրել եզրակացությունը:

«Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա: Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի միջև որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի կոնցենտրացիայի ներթափանցում Սևանա լճի ավազան: Բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինեն»,- ասաց ՔԿ նախագահը:

Նրա խոսքով՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունը հնարավոր է Որոտան, Արփա գետերի վրա, սակայն եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից ներկայացվող մեղմման 16 միջոց, այդ ռիսկերը կլինեն կառավարելի:

«Ընկերությունը երեկ ծանոթացել է եզրակացության հետ, մինչ այդ՝ նախաքննության ընթացքում, ներգրավված են եղել որպես կողմ և աշխատել փորձագետների հետ: «Լիդիան»-ի փորձագետները պատրաստ են մեղմման 16 միջոցներից 15-ը կիրառել: 10-ն արդեն կիրառվում է, 5-ը պատրաստ են հետագայում կիրառել: Մեղմման մեկ միջոցն է, որ դեռ քննարկվում է: Համաշխարհային բանկից «Լիդիան» ՓԲԸ-ն գումար ստանալու համար պետք է համապատասխանեցնի գործունեությունը AFC ստանդարտին: Դա նախատեսում է, որ հանքի օգտագործումից հետո 100 տարի պետք է մեղմման միջոցներ կիրառեն: Փորձագետներն առաջարկում են առաջնորդվել Նևադայի ստանդարտով, որը նախատեսում է մեղմման միջոցները կիրառել 500 տարի»,- ասել է նա:

Նա նշել է նաև, որ 100 տարուց ավելի մեղմման միջոցների կիրառումից «Լիդիան»-ը չի հրաժարվում, եթե դրա անհրաժեշտությունը հետագայում կլինի:

Վարչապետ Փաշինյանն արձագանքել է.«Կառավարության ներկայացուցիչները կծանոթանան ամբողջական փաստաթղթին և դրա արդյունքում կգանք որևէ եզրակացության»:

Օգոստոսի 14-ին Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի փորձաքննության վերջնական եզրակացությունը:Կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով $396,900։

Եզրակացության մեջ ասվում է, որԱմուլսարի հանքը չի ազդի Ջերմուկի ջրերի և Սևանի վրա: Միջնույն ժամանակ փորձագիտական խումբը «Լիդիան Արմենիայի» կողմից ներկայացված մեղմման միջոցները գնահատել է ողջամիտ, սակայն առաջարկել է լրացուցիչ միջոցներ, և շեշտել, որ եթե այդ միջոցառումներն իրականացվեն բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։

Ընթերցեք նաև. Բողոքի ակցիա կառավարության մոտ՝ «Ոչ մի հետքայլ Ամուլսարի հարցում»