15 օգոստոսի 2019 - 12:13 AMT
Վահագն Դադրյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի

Ամերիկահայ ճանաչված գիտնական, հայտնի ցեղասպանագետ Վահագն Դադրյանի (Տատրեան) աճյունը կետափոխվի Հայաստան,հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Որոշումը կայացվել է, հաշվի առնելով միջազգային հեղինակություն վայելող պրոֆեսոր Վահագն Դադրյանի (Տատրեան) անկոտրում պայքարն արդարության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար, իր մեծ գիտական ներդրումը ցեղասպանության ուսումնասիրության գործում՝: Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ իրականացվում են:

Վահագն Դադրյանն ամերիկահայ ճանաչված գիտնական է, իրավագետ, պատմաբան, սոցիոլոգ, մաթեմատիկոս: Հիմնական աշխատությունները վերաբերում են հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը։ Ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսություններով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ համալսարաններում, գիտական և հասարակական մի շարք կենտրոններում, միջազգային դատական ատյաններում: Միջազգային իրավունքի համատեքստում հայոց ցեղասպանության վերլուծությանն է նվիրված «Ցեղասպանությունը որպես ազգային և միջազգային իրավունքի հիմնահարց։ Հայկական հարցը Առաջին աշխարհամարտի տարիներին և նրա նկատմամբ ժամանակակից իրավական վերաբերմունքը» (անգլերեն, 1989) գործը: Նա եղել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Զորյան հաստատության՝ Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն: