ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ իր վրա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու որևէ պատասխանատվություն չկա:
Նա նաև չի համաձայնել այն դիտարկմանը, որ պատգամավորների մեծ մասը կարծես դեմ է արտահայտվում կոնվենցիայի վավերացմանը, հայտնում է Aysowr.am-ը:
«Որտե՞ղ եք տեսել, որ պատգամավորների մեծ մասը դեմ լինի: Ես որևէ բան չգիտեմ, գիտեմ, որ քննարկումները շարունակում ենք: Ինձ վրա որևէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու: Իմ նշանակումը բոլորդ գիտեք՝ երբ է եղել, դեռևս հունվարից կառավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառում է, որը համընկել է իմ նշանակումից հետո», - ասել է նախարարը:
Ճշտող այն հարցին, թե արդյոք իր առաջ նման խնդիր դրված չէ՝ հրաժարական տալ կոնվենցիայի վավերացման ձախողման դեպքում, Բադասայնն ասել է.«Ինչո՞ւ պիտի հրաժարական տամ չվավերացման դեպքում»:
Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարությունը հորդորել էր ՀՀ քաղաքացիներին չտրվել մանիպուլյացիաների, ժամանակ գտնել ու կարդալ Կոնվենցիան: ՀԱԵ-ն հորդորել է իշխանությանը չվավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ին: Հայաստանի կողմից այն ստորագրվել է 2018թ. հունվարի 18-ին։