15 օգոստոսի 2019 - 13:42 AMT
Պատմության դասագիրքը չի տպվում հանձնաժողովի՝ Մարտի 1-ի մասով եզրակացության չգալու պատճառով

Բովադակային առումով հայոց պատմության դասագրքի մասով բարդ քննարկումներ են ընթանում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Շատ բարդ քննարկումներ են, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ, որոշ մասնագետներ 180 աստիճանով այլ բաներ են գրում այդ նյութերում», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Ճշտող հարցին, թե արդյոք անհամաձայնությունները կապ ունեն մարտի 1-ի դեպքերի ներկայացման հետ, Հարությունյանը նշել է. «Եվ մարտի 1-ի, և ընտրությունների հետ կապված, և քաղաքական գնահատականների հետ կապված»:

Նախարարը նշել է, որ բովանդակությունն այլ կերպ շարադրելու խնդիր կա: «Կա այդպիսի խնդիր: Ես թույլ չեմ տվել առայժմ դասագրքերի տպագրումը, քանի դեռ հանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացության»:

Հարությունյանը հավաստիացրել է, որ դասագրքերի ուշ տպագրությումը չի ազդի դասապրոցեսի վրա.«Այն թեմաները, որոնք խնդրահարույց են, դրանք անցնում են երկրորդ սեմեստրում, գուցե սկսեն հին գրքերով առաջին թեմաներն անցնել, մինչև կհասնեն այդ թեմաներին»:

Նախարարը նաև նշել է, որ քանի դեռ մարտի 1-ի գործով քրեական գործը շարունակվում է, դա ևս խնդիրներ է առաջացնում այդ թեման գրքերում շարադրելու համար: «Մենք ուսումնասիրում ենք մի շարք երկրների փորձը: Կան երկրներ, որոնք վերջին 20-25 տարիների իրենց պատմական դրվագները չեն ներառում դասագրքերի մեջ: ՀՀ-ն էլ կարող է կիրառել այդ փորձը», - հավելել է նախարարը: