16 օգոստոսի 2019 - 14:33 AMT
ԶԼՄ. Ցուցարարները Հոնկոնգում կոչ են անում զանգվածաբար գումար կանխիկացնել բանկոմատներում

Հակակառավարական ցուցարարները Հոնկոնգում նոր մարտավարության են անցել: Նրանք սկսել են սոցցանցերի և մեսենջերների միջոցով կոչ անել զանգվածաբար գումար կանխիկացնել բանկոմատներում, ինչպես նաև սկսել տեղական արժույթը՝ հոնկոնգյան դոլարը, փոխել ամերիկյան դոլարի: Այդպիսով նրանք մտադիր են ֆինանսական վնաս հասցնել մեգապոլիսի ֆինանսական համակարգին և հասնել հոնկոնգյան դոլարի փոխարժեքի նվազման, հայտնում է ՏԱՍՍ-ը South China Morning Post-ի վրա հղումով:

Առաջատար բանկերը հայտարարել են, որ բավարար պաշարներ ունեն բանկոմատներում և կհետևեն իրադարձությունների զարգացմանը: Մինչդեռ հաղորդագրություններ կան որոշ բանկոմատներում ամերիկյան դոլարի պակասի մասին:

«Հոնկոնգի բանկային համակարգը շատ ամուր է և բավարար լիկվիդայնություն ունի»,-ասել է ֆինանսական հարցերով քարտուղար (ֆինանսների նախարար) Փոլ Չանը: Նա նշել է, որ «մարդիկ իրավասու են հայտնելու իրենց կարծիքը, սակայն դա չպետք է խախտի բանկային ծառայությունների մատուցումը բնակչությանը»:

Բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում շարունակվում են արդեն 2 ամիս, որոնց համար առիթ հանդիսացան իշխանությունների կողմից դեռևս փետրվարին ընդունված ուղղումները արտահանձնման մասին օրենքում, որով թույլատրվում է արտահանձնել հանցագործներին Չինաստանին: Շատերի կարծիքով, այդ օրենքը կարող է օգտագործվել այլախոհների դեմ պայքարում:

Ավելի վաղ Պեկինն իր աջակցությունն է հայտնել Հոնկոնգի իշխանություններին ցուցարարների դեմ պայքարում, իսկ վերջիններս հայտարարել են, որ վճռական են լինելու: