17 օգոստոսի 2019 - 11:23 AMT
ՌԴ-ն չի հանձնում Միհրան Պողոսյանին․ Դատախազությունը հիմնավորում է պահանջել

ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել, հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

Հիմք է ընդունել «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:

Կոնվենցիայի վերը նշված հոդվածը՝ որպես իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող (կոնկրետ դեպքում ՝ հանձնման միջնորդությունը քննարկող) Պայմանավորվող Կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը:

Նշվում է, որ մինչդեռ, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության մերժման կոնկրետ հիմքի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չի ներկայացվել: Վերոնշյալով պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ: