19 օգոստոսի 2019 - 11:08 AMT
Ջերմուկի բնակիչները ավտոերթով Երևան են գալիս

Ջերմուկի բնակիչները օգոստոսի 19-ին ավտոերթով շարժվում են Երևան: Այդ մասին ասվում է նրանց տարածած հայտարարության մեջ:

«Ամուլսարի հարցով քննարկում է լինելու կառավարությունում։ Նշանակվել է հանդիպում Ջերմուկ համայնքի համայնքապետի, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև հանքի դեմ պայքարող մի քանի բնակիչների հետ։Ուստի մենք բնակիչներով նպատակահարմար գտանք հինգ հոգու փոխարեն գնալ հիսունից ավել մեքենաներից կազմված ավտոերթով», ասվում է հայտարարության մեջ։

Հանդիպումը կայանալու է Բաղրամյան 26 հասցեում ժամը 12։00-ին։

Օգոստոսի 14-ին Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի փորձաքննության վերջնական եզրակացությունը:Կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով $396,900։

Եզրակացության մեջ ասվում է, որ Ամուլսարի հանքը չի ազդի Ջերմուկի ջրերի և Սևանի վրա: Միևնույն ժամանակ փորձագիտական խումբը «Լիդիան Արմենիայի» կողմից ներկայացված մեղմման միջոցները գնահատել է ողջամիտ, սակայն առաջարկել է լրացուցիչ միջոցներ, և շեշտել, որ եթե այդ միջոցառումներն իրականացվեն բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։