20 օգոստոսի 2019 - 10:42 AMT
Առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուները 64 մլրդ դրամով ավելի գումար են վճարել բյուջե

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 1000 խոշոր հարկատուի ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած, հանրային որոշակի հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը 2019-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն ավելացրել է պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը:

Մասնավորապես, «Ֆլեշ» ընկերությունը 2019-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ վճարել է 2.8 մլրդ դրամով կամ 58%-ով ավելի հարկ, «Յուքոմ» ընկերությունը վճարած հարկերի ծավալը գերազանցել է 1 մլրդ դրամով կամ 26%-ով, «Նատալի Ֆարմ» ընկերությունը` 0.7 մլրդ դրամով կամ 37%-ով, «Սպայկա» ընկերությունը` 1.4 մլրդ դրամով կամ 117%-ով, «Սաս-Գրուպ» ընկերությունը` 0.9 մլրդ դրամով կամ 82%-ով, «Մաքս Պետրոլ» ընկերությունը` 2.2 մլրդ դրամով կամ 122%-ով, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` 4.9 մլրդ դրամով կամ 20%-ով, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` 2.1 մլրդ դրամով կամ 10%-ով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` 1.3 մլրդ դրամով կամ 20%-ով:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարող ընկերությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջե ավել են վճարել 14.3 տոկոսով կամ 64 միլիարդ դրամով ավելի գումար: