20 օգոստոսի 2019 - 11:04 AMT
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված զինվոր Ղազարյանին

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Ողջունելի է, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին:

Հուսամ՝ նրանց աջակցությամբ կերաշխավորվի մեր զինծառայողի իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում: Տեղեկացնեմ, որ այս թեմայով ես պարբերական կապի մեջ եմ ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դյուքրուեի հետ՝ փոխանցելով իմ մտահոգությունները և պատրաստակամությունն աջակցելու իրավիճակի բարենպաստ հանգուցալուծմանը»,-ասվում է գրառման մեջ:

Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության ՊՆ-ն հայտնեց, որ ժամը 12:00-ի սահմաններում ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից դեռևս չպարզված հանգամանքերում մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը։ Արցախի ՊՆ-ն հայտարարությամբ հանդես եկավ նաև օգոստոսի 13-ին՝ հորդորելով հավատ չընծայել ադրբեջանական լրատվամիջոցների այն պնդումներին, թե զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեպքի մանրամասները ճշտելու համար հետաքննություն է տարվում, բայց իր ներքին համոզմամբ՝ զինծառայողը մոլորվել է։