20 օգոստոսի 2019 - 11:39 AMT
Ամուլսարի վերաբերյալ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ

Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Խոսքը, մասնավորապես, Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումների մասին է, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին:

Օգոստոսի 14-ին Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի փորձաքննության վերջնական եզրակացությունը:Կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով $396,900։

Եզրակացության մեջ ասվում է, որ Ամուլսարի հանքը չի ազդի Ջերմուկի ջրերի և Սևանի վրա: Միևնույն ժամանակ փորձագիտական խումբը «Լիդիան Արմենիայի» կողմից ներկայացված մեղմման միջոցները գնահատել է ողջամիտ, սակայն առաջարկել է լրացուցիչ միջոցներ, և շեշտել, որ եթե այդ միջոցառումներն իրականացվեն բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։