21 օգոստոսի 2019 - 10:36 AMT
Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը` Ամուլսարի հարցով ԱԱԾ կանչվելու մասին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը և քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը մեկնաբանել են Ամուլսարի հարցի շուրջ շուրջ կոռուպցիոն գործարքների մասին ֆեյսբուքում արված գրառումների հետքերով ԱԱԾ կանչվելու հանգամանքը։

Արթուր Գրիգորյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ վերջին փոխադարձ մեղադրանքների ու ԱԱԾ կանչվելու շուրջ խոսելիս, մասնավորապես, գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ արդյո՞ք ակնկալվում էր, որ որ կոռուպցիայի մասին խոսելիս պետք է կաշառք տալու փաստն արձանագրող ձայնագրություն ներկայացվի։

«Բացատրություն ներկայացնելիս շատ կոնկրետ փաստական հագամանքներ եմ ներկայացրել, որոնք պետք է հիմք հանդիսանան լիարժեք քննություն իրականացնելու և Ամուլսարի շահագործման հարցում տարբեր՝ շատ կոնկրետ պաշտոնյաների կողմից անձնական շահագրգռվածության հնարավորության հարցը պարզելու համար», - մասնավորապես, գրել է Գրիգորյանը:

Հայկ Մարտիրոսյանն, իր հերթին, հայտարարել է, որ տխուր հանգամանք է, երբ քաղաքագետին կանչում են ԱԱԾ կարծիք հայտնելու համար։ «Դուք շատ քիչ քաղաքագետներ կգտնեք, որ կարող են տրցակներ դնել ձեր առաջ և ասել, ես այս փաստաթղթերի հիման վրա գալիս եմ այս եզրակացության։ Դա արդեն քաղաքագետ չէ, այլ արխիվարիուս կամ պատմաբան․․․ քաղաքագետները գալիս են եզրակացության հանրային տեղեկատվության հիման վրա», - նշել է նա, որակելով տեղի ունեցածը որպես քաղաքական հետապնդման նշաններ։

Ավելի վաղ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը գրել էր, որ Գրիգորյանն ու Մարտիրոսյանը բացատրություն են տվել, որ կոռուպցիոն դրսևորման որևէ դեպքի վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում, «իսկ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց ֆեյսբուքյան գրառումները չունեն որևէ փաստական հիմք և արտահայտում են բացառապես իրենց սուբյեկտիվ տեսակետը և սեփական վերլուծությունների արդյունքը»։