Ryanair ավիաընկերությունը մուտք կգործի Վրաստան՝ օգոստոսի 21-ին «Վրաստանի օդանավակայանների միավորումն» ու իռլանդական լոուքոսթերը համագործակցության մասին պայմանագիր կկնքեն:
Ըստ էկոնոմիկայի նախարարության, համաձայնագիրը կստորագրեն «Վրաստանի օդանավակայանների միավորման» տնօրեն Գեորգի Չոգովաձեն և Ryanair ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ՛Բրայենը: Միջոցառմանը ներկա կլինի նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան, հայտնում է 1tv.ge-ն:
Հայտնի բյուջետային ավիաընկերությունը, որը նաև ամենախոշորներից է, ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Եվրոպա ինչպես Քութայիսի, այնպես էլ Թբիլիսիի միջազգային օդանավակայաններից:
Թբիլիսի-Միլան առաջին չվեչթը ավիաընկերությունը կկատարի նոյեմբերի 6-ին: Տոմսի արժեքը՝ սկսած 19,99 եվրոյից:
Ըստ տեղեկությունների, այս փուլում Թբիլիսիից Ryanair-ը թռիչքներ կիրականացնի միայն Միլան, իսկ Քութայիսից՝ իտալական Բոլոնյա և ֆրանսիական Մարսել:
Ընկերությունն ու Վրաստանի իշխանությունները չվերթներ սկսելու մասին բանակցել էին դեռ 2013 թվականին։ այն ժամանակ, սակայն, գործարքը չէր կայացել Ryanair-ի, վրացական կողմի բնորոշմամբ, անհամաչափ պահանջների պատճառով։