21 օգոստոսի 2019 - 15:21 AMT
Փաշինյանը ողջունել է հայկական ավիաշուկա մուտք գործելու RyanAir-ի մտադրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ընդունելով իռլանդական RyanAir ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ’Բրայընին և ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիին, ողջունել է ՀՀ-ում գործունեություն ծավալելու ընկերության մտադրությունը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը զբոսաշրջությունը հայտարարել է առաջնահերթություն, ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի, և այս համատեքստում կարևոր քայլերից է քաղաքացիական ավիացիայի զարգացումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գործադիրը կարևորում է ՀՀ ավիացիոն շուկայում այս բնագավառը ներկայացնող առաջատար ընկերությունների ներգրավումը, և RyanAir-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը լավ առիթ է՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու համար:

RyanAir-ի գլխավոր կոմերցիոն տնօրենը նշել է, որ ընկերությունը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա, և Քաղավիացիայի կոմիտեի, «Զվարթնոց» օդանավակայանի հետ ներկայում քննարկումներ են ընթանում այդ գործընթացի շուրջ: Նա ներկայացրել է ՀՀ-ում գործունեություն ծավալելու տեսլականը՝ խոսելով Հայաստանից նոր ուղղություններով չվերթների, սակագնային քաղաքականության և այլ հարցերի շուրջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ավիաընկերության՝ Հայաստան մուտք գործելու մտադրությունը, կառավարության պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցել այդ գործընթացին: Կառավարության ղեկավարն առաջարկել է շարունակել համատեղ աշխատանքը՝ փոխշահավետ համագործակցության կոնկրետ տարբերակի շուրջ: