21 օգոստոսի 2019 - 17:54 AMT
«Ռոսգոսստրախ Արմենիա»-ի բաժնետոմսերն առանց խախտումների են վաճառվել

Մոսկվայի արբիտրաժային դատարանը մերժել է «Ռոսգոսստրախի» հայցը, որը պահանջում էր ապօրինի համարել «Ռոսգոսստրախ Արմենիա» ՓԲԸ դուստր ձեռնարկության բաժնետոմսերի վաճառքը կիպրոսյան Cimarex Management-ին, գրում է «Փրայմ» գործակալությունը:

Իր հայցում «Ռոսգոսստրախը» խնդրել էր անվավեր ճանաչել 2017-ի մայիսի 2-ի գործարքը բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ: Այսինքն, ուզում էր պարտավորեցնել Cimarex Management-ին վերադարձնել իր նախկին հայաստանյան դուստր ձեռնարկությունը:

Ժամանակին ռուսական ապահովագրական ընկերությունը վաճառել է հայաստանյան ձեռնարկության բաժնետոմսերի 100 տոկոսը 480 մլն ռուբլով (մոտ 7 մլն 300 հազար դոլար): Ըստ հայցվորի, պայմանագիրը կնքվել էր նախկին տնօրեն Դմիտրի Մարկարովի լիազորությունների չարաշահմամբ և ընկերությանը վնաս էր հասցվել: Պատասխանող կողմը հայցը չէր ընդունել և դատարանն այժմ հաստատեց վերջինիս իրավացիությունը:

Զուգահեռ դատավարությամբ «Ռոսգոսստրախը» պահանջում է Մարկարովից 1,3 մլրդ ռուբլի գանձել հայկական դուստր ձեռնարկության վաճառքից վնասը հատուցելու համար: Հայցվորը հայտարարել է, որ գործարքից շահել է «Ռոսգոստրախի» նախկին շահառու Դանիլ Խաչատուրովը, որն, ըստ հայցվորի, թաքնվում է օֆշորի հետևում, որը գնել է բաժնետմոսերը: Այդ գործով երկու ատյանների դատարանները նույնպես մերժել են հայցը: