22 օգոստոսի 2019 - 12:29 AMT
ԱՀԿ. Միկրոպլաստիկի առկայությունը խմելու ջրում առողջությանը չի վնասում

Առողջության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այս փուլում միկրոպլաստիկի առկայությունը խմելու ջրում չի դիտարկում որպես վնաս մարդու առողջությանը: Այդ մասին ասվում է կազմակերպության զեկույցում:

ԱՀԿ աշխատակից Բրյուս Գորդոնը նշել է, որ ավելի մեծ տարբերություն կա տոքսինների այն քանակի միջև, որը մարդու մարմինը կարող է անվնաս կլանել, և այն ցուցանիշների, որոնք վնասակար կհամարվեն: «Մենք ամենևին մտահոգված չենք»,-ասել է նա՝ խոսելով խմելու ջրում այժմ առկա կուտակումների մասին, գրում է Deutsche Welle-ն:

Միևնույն ժամանակ փորձագետները զգուշացնում են, որ եթե աղտոտումն այս տեմպերով շարունակվի, երկարաժամկետ հեռանկարում հնարավոր են որոշակի հետևանքներ մոլորակի ջրային էկոհամակարգում և մարդկության համար ընդհանուր առմամբ: «Հարկավոր է նվազեցնել պլաստիկով աղտոտվածության մակարդակն աշխարհում»,-իր հերթին ասել է ԱՀԿ մեկ այլ ներկայացուցիչ Մարիա Նեյրան: Նա նաև կոչ է արել ավելի մանրազննին ուսումնասիրել այդ թեման:

Համաշխարհային օվկիանոսում պլաստիկից թափոնների քանակը կրճատելու վերաբերյալ առաջին միջազգային համաձայնագիրը կնքվել է հունիսի 16-ին G20-ի հանդիպմանը Ճապոնիայում: