22 օգոստոսի 2019 - 12:23 AMT
1.173 մլրդ դրամ՝ փրկարար ծառայության շենքերի հիմնանորոգմանը

ՀՀ կառավարությունը 1․173 մլրդ դրամ կհատկացնի Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ Փրկարար ծառայության շենքերի հիմնանորոգման, Մարտունու և Գավառի փրկարար ծառայության շենքերի և կցակառույց կայանատեղերի կառուցմանը։

Փրկարար ծառայության շենքային պայմանների առկա վիճակը լուրջ խոչընդոտներ է ստեղծում ծառայության գործունեության համար, ստորաբաժանումների գերակշռող մասը կառուցվել է նախորդ դարի 50-60-ական թվականներին և առ այսօր կապիտալ նորոգումների գրեթե չի ենթարկվել:

Նշվում է, որ այդ շենքերը գտնվում են ֆիզիկապես և բարոյապես մաշված, մասամբ վթարային վիճակում: Առկա շենքային պայմանները հնարավորություն չեն ընձեռնում անհրաժեշտ մակարդակով ապահովել անձնակազմի ուսուցման պրոցեսը, ապահովել նվազագույն կոմունալ-կենցաղային պայմաններ, ստորաբաժանումներին ամրացված հրշեջ-փրկարարական տեխնիկան պահպանվում է բացօթյա` փակ ավտոկայանատեղերի անբավարարության պատճառով։