22 օգոստոսի 2019 - 12:57 AMT
Տաքսու վարորդները պետտուրքի մայր գումարը 6 ամսում վճարելու դեպքում կազատվեն տույժերից

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի վերաբերյալ պարզաբանման մեջ նշվում է, որ տաքսու վարորդները պետական տուրքի մայր գումարը 6 ամսում վճարելու դեպքում կազատվեն տույժերից։

Նախարարությունը մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար պետական տուրքի պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ 2019-ի հուլիսի 11-ին ուժի մեջ է մտել «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թվականի հունվարի 1-ը «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.5-րդ և 15.6-րդ կետերով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող անձինք ազատվում են պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից, եթե ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, մարվել է պետական տուրքի մայր գումարը:

Նշվում է, որ հունիսի 29-ին ուժի մեջ է մտել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը, ըստ որի ուժը կորցրած են ճանաչվել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.6-րդ կետով նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը:

Օրենքը ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիաների համար պետական տուրքի հաշվարկը: