22 օգոստոսի 2019 - 13:38 AMT
ԱԳՆ. Ադրբեջանի սահմանը հատած հայ զինվորի հարցը մտահոգիչ է

Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է բավական մտահոգիչ մնալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Այս պահին նորություն չունեմ ասելու այն առումով, որ և՛ Կարմիր խաչը, և՛ Պաշտպանության նախարարությունը, և՛ անմիջական առնչություն ունեցող մյուս կառույցներն առնչվում են այս հարցին։ Հարցը պահանջում է համակարգված մոտեցում», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

ՀՀ արտգործնախարարը միաժամանակ ընդգծել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր հանդիպումները շարունակվում են։ «Բանակցային գործընթացը չի կագնել։ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն», - ամփոփել է արտաքին գերատեսչության ղեկավարը։

Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության ՊՆ-ն հայտնեց, որ ժամը 12:00-ի սահմաններում ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից դեռևս չպարզված հանգամանքերում մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը։ Արցախի ՊՆ-ն հայտարարությամբ հանդես եկավ նաեւ երեկ՝ օգոստոսի 13-ին՝ հորդորելով հավատ չընծայել ադրբեջանական լրատվամիջոցների այն պնդումներին, թե զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեպքի մանրամասները ճշտելու համար հետաքննություն է տարվում, բայց իր ներքին համոզմամբ՝ զինծառայողը մոլորվել է։