22 օգոստոսի 2019 - 16:59 AMT
Բրիտանիայում Պուտինի մասին սերիալ կնկարահանեն

Բրիտանական Channel 4-ը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին 3 սերիանոց փաստագրական սերիալ նկարահանելու մասին: Այն կոչվելու է «Պուտին. Ռուս լրտեսի պատմությունը»:

Հեռուստաալիքի պատվերով սերիալի արտադրությամբ կզբաղվի բրիտանական Rogan Productions ստուդիան, որը նախկինում արդեն գործակցել է Channel 4 և BBC-ի հետ: Նկարահանումներն անցնելու են ՌԴ-ում, ԱՄՆ-ում և Եվրոպայում, այդ թվում Մեծ Բրիտանիայում, գրում է «Վեդոմոստին»:

Սերիալը նվիրված է լինելու նրան, թե «ինչպես են Պուտինի գիտելիքները լրտեսության ոլորտում և անձնական փորձն ազդել նրա քաղաքականության, Ռուսաստանի և ժամանակակից աշխարհի վրա, ասվում է հաղորդագրության մեջ: Այս պատմությունն «ինքը Պուտինն է պատմում, նրա մերձավորները և նրանք, ում վրա առավելապես ազդել են նրա գործողությունները»:

Սերիալի ռեժիսորն է Նիկ Գրինը: Նա ֆիլմեր էր նկարահանել Հին Հռոմի և Ռիչարդ Առյուծասրտի մասին BBC-ի և Discovery համար, փաստագրական սերիալ Հիսուս Քրիստոսի մասին CNN-ի համար, ինչպես նաև ֆիլմ խորհրդային շրջանի սուզանավորդ Վասիլի Արխիպովի մասին: