Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում ողջունել է դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-երին ֆինանսավորելու ՀՀ կառավարության որոշումը:
«Որպես Արցախի բնակիչ ու Մարդու իրավունքների պաշտպան՝ ուրախ եմ ՀՀ կառավարության այն որոշման համար, որով գումար է հատկացվում ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին դիտորդական առաքելություններին աջակցելու նպատակով:
Հուսամ՝ սա նոր սկիզբ կլինի Արցախի պետական և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը և տեղի կարողությունների զարգացմանը ՀՀ կառավարության տևական աջակցության համար: Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին իմ աջակցությունը հայտնելուց բացի, ես նաև առաջարկել ու խորհուրդ եմ տվել նրանց առավելագույնս օգտագործել այս հնարավորությունը և տեղում զարգացնել համապատասխան կարողություններ, ոչ թե Երևանից բերել պատրաստի թիմեր»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ տասնամյակների մեծածավալ կոշտ ներդրումից ու աջակցությունից (ֆինանս, ենթակառուցվածքներ, տնտեսական նախագծեր) հետո հայությունը (ներառյալ՝ ՀՀ կառավարությունը, քաղհասարակությունը և սփյուռքյան կառույցները) պետք է մտածի Արցախում նաև լուրջ փափուկ ներդրման (կարողություններ, մարդկային ռեսուրսներ, ինստիտուտներ) մասին:
«Իհարկե, առ այսօր մեծ գործ է արվել նաև այդ ուղղությամբ, բայց դրա կարիքը դեռ շատ կա, առավել ևս, երբ Արցախը փաստացի մեկուսացած է միջազգային փորձից, ծրագրերից ու ռեսուրսներից»,-ասվում է հայտարարության մեջ:
Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին քաղաքացիական հասարակության կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարությունը մոտ 34 մլն դրամ է հատկացրել։
Գումարը տրամադրվելու է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությանը։