Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքը (լամպեր, ջերմաչափեր և այլն) դուրս կբերվի շրջանառությունից: Նմանատիպ արտադրանքը շրջանառությունից փուլային դուրս բերման և հետագայում դրա օգտագործումն արգելելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության ներքո իրականացվում է դրամաշնորհային ծրագիր։
Նախատեսված գործողությունների շրջանակներում կմշակվեն անհրաժեշտ իրավական հիմքերը, կանցկացվեն սնդիկի վնասակար ազդեցության վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման միջոցառումներ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Մեկնարկած աշխատանքների համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրս բերմանն աջակցելու համար» ծրագրի ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստը։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ։