Ռուսաստանը կֆինանսավորի Աբխազիայի բանակի արդիականացումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն իր աբխազ պաշտոնակից Մերաբ Կիշմարիայի հետ հանդիպմանը:
Նախարարները հանդիպել են օգոստոսի 23-ին Մոսկվայում: Բանակցությունների ավարտին համաձայնագիր է ստորագրվել երկու երկրների ռազմատեխնիկական գործակցության զարգացման, ինչպես նաև Աբխազիայի Զինված ուժերի արդիականացման մասին: Ֆինանսական աջակցության չափը չի նշվում, հայտնում է Lenta.ru-ն:
Շոյգուն հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Աբխազիան երկու պետությունների պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածք են ստեղծել: ՊՆ ղեկավարը նաև կարևորել է համատեղ ռազմակայանի զարգացումը, որն ապահովում է անվտանգությունը տարածաշրջանում:
«Կարևոր նշանակություն ունեն այն փաստաթղթերն ու համաձայնագրերը, որոնք ստորագրվել են 2014-ին, 2015-ին և, անկասկած, մեր ռազմակայանը, որը մենք ամրապնդում ենք և որը մեր համատեղ ջանքերով մեր կայունության երաշխավորն է»,-ասել է նախարարը:
Մոսկվան պաշտոնապես ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը 2008-ի օգոստոսին տեղի ունեցած ռազմական հակամարտությունից հետո, երբ ռուսական զորքեր մտան այդ տարածաշրջան, իսկ Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ: