10 սեպտեմբերի 2019 - 11:08 AMT
Ջերմուկում քննարկել են Փաշինյանի՝ Ամուլսարը ապաշրջափակելու կոչը

Ջերմուկ քաղաքում տեղի է ունեցել բաց քննարկում՝ ներկաներն իրենց դժգոհությունն են հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեպի Ամուլսար տանող ճանապարհներնապաշրջափակելուկոչի վերաբերյալ::

Փաշինյանը սեպտեմբերի 9-ին իր ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ «առնվազն այս պահի դրությամբ չկա Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում« և խնդրել է ջերմուկցիներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները։

Քննարկման ներկաներից մեկը հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի 20-ը ժամանակ են տալիս կառավարությունը, որպեսզի լինի հստակ որոշում, այս անորոշ վիճակը վերանա, այլապես իրենք կդիմեն իրենց քայլերին՝ գործադուլ, դասադուլ, հայտնում է Panorama.am-ը:

«Ուզում եմ հավատանք հեղափոխությանը։ Իրոք, մեծ հարված կլինի, եթե պարզվի, որ սխալվել ենք, դա հեղափոխություն չէ։ Հավատանք, որ եղել է հեղափոխություն, հեղափոխության տարբերակով իշխանության եկած մարդիկ չեն կարող կայացնել հակաժողովրդավարական որոշումներ»,- նշել է քննարկման ներկաներից Շիրակ Բունիաթյանը։

Նա ընդգծել է, որ չեն նվիրելու Ամուլսարը հանուն տնտեսական շահի։ Բունիաթյանի խոսքով, վերահաստատում են, որ Ամուլսարում հանքարդյունաբերության էջը դեռևս մեկ տարի առաջ են փակել։

«Այս 16 ամսիներից հետո, կարծում եմ, բոլորիս համար պարզ է, որ հատկապես ջերմուկցիների հետ անիմաստ է խոսել հանքի լավ կամ վատ շահագործելու մասին, մենք կբանակցենք միայն հանքի փակման համար։ Մնացածը մեզ չի հետաքրքրում։ Ջերմուկցիները հետ գնալու տեղ չունեն»,- հայտարարել է քննարկման ներկաներից մեկը։

Վարչապետն իր սեպտեմբերի 9-ի ուղերձում նշել է նաև, որ Ամուլսարի հարցում կան որոշակի ազդակներ, որ եթե իրավիճակը ճշգրիտ չկառավարվի, ապա դա կարող է հանգեցնել ՀՀ վականիշի վատթարացման: «Դրա հետևանքները կզգանք մասնավորապես վարկերի տրամադրման գործընթացում։ Եթե մենք ասում ենք, որ Ամուլսարի հանքը թույլ չենք տալիս շահագործել, ապա հարց է ծագում՝ բնապահպանակա՞ն մտավախություններից։ Եթե այո, ապա ծագում է երկրորդ հարցը. ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ Թեղուտը շահագործվի», - ասել է Փաշինյանը: