10 սեպտեմբերի 2019 - 11:45 AMT
Թորոսյան. Գներն իջել են, ՀՀ-ից գրեթե դադարել են սրտի վիրահատության համար Վրաստան մեկնել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ մարդիկ գրեթե դադարել են սրտի վիրահատության համար Վրաստան մեկնել, քանի որ սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել

«Այսօր արդեն ունենք 800.000 դրամ գին՝ 1 դեղապատ ստենտի համար նորաբաց Բեսթ-Լայֆ հայ-ճապոնական կենտրոնում։ 2018թ-ի մայիսին 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին չունեինք։ Գների անկման, ինչպես նաև պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ գրեթե դադարել է սրտի վիրահատությունների համար հարևան Վրաստան մեկնելը։

Պետական ծրագրերի ընդլայնումը շարունակական է լինելու, բայց խնդրում եմ միշտ հիշել՝ «ամենալավ բուժումը կանխարգելումն է»,-ասվում է նախարարի գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է հրաման, որով փոփոխվում են «Կյանքի ստենտ» (Stent for Life) ծրագրի չափանիշները: Այս փոփոխությունների արդյունքում քաղաքացիները, որոնք դուրս էին մնում ծրագրից, այսուհետ կընդգրկվեն դրանում, քանի որ ավելացվել է այն ախտանիշների թիվը, որոնցով որոշվում էր պացիենտի համապատասխանությունը ծրագրին: