10 սեպտեմբերի 2019 - 13:05 AMT
ՀԲՃ. Փաշինյանը ոտնահարում է ժողովրդի շահը՝ պաշտպանելով «Լիդիանի» կապիտալը

Հայ բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմուկցիներն ուղղված կոչին, որով նա հորդորել է ապաշրջափակել դեպի Ամուլսար տանող ճանապարհները: ՀԲՃ հայտարարության մեջ ասվում է, որ Փաշինյանն արել է «իր լիազորությունները չարաշահող և հակաիրավական հայտարարություն», որով միտումնավոր հաշվի չի առել արդեն իսկ առկա բազմաթիվ իրավական հիմքերը, ավելին՝ պնդել է, որ նման հիմքեր չկան։Հայտարարությունը բաց է ստորագրելու համար:

Հայտարարության վերջում նաև նշվում է, որ սեպտեմբերի 11-ին, ժամը 18:30 ԱԺ հանրային այգու մոտից երթ է մեկնարկելու՝ հանուն Ամուլսարի պաշտպանության:

Սեպտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լիդիանի հետ բանակցություններից հետո պատրաստ է ընկերությանը թույլ տալ՝ ավարտել հանքի շինարարության գործընթացը, և ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում միայն՝ դադարեցնել դրա գործունեությունը։

«Փաստացի 7 ամիս Քննչական կոմիտեի կողմից ֆիասկոյի ենթարկված գործը չավարտված՝ Փաշինյանը նման հայտարարություն է անում և իր վրա է վերցնում հօգուտ ընկերության ամենաբարձր մակարդակի հովանավորչություն անելու ծանրագույն պատասխանատվության բեռը։ Բացի այդ, մինչև օրս հանրությունից թաքցվում է և չի հրապարակվում սեպտեմբերի 4-ին Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած եզրակացությունը և դրան հարակից բոլոր փաստաթղթերը (օրինակ՝ ԳԱԱ ինստիտուտների եզրակացությունները)՝ Լիդիանի ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու հիմքերի մասին:

Նախքան 2018թ. հունիսը՝ հենց շինարարական փուլում, Լիդիանն արդեն իսկ բազմիցս խախտումներ է արել, որոնք արձանագրվել են թե՛ տեղի բնակիչների տեսագրություններով և թե՛ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից։ Ավելին, 2018թ․ Ընդերքի և բնապահպանության տեսչական մարմնի ընդունած վարչական ակտով արդեն իսկ դադարեցված է Լիդիանի գործունեությունը, հարուցված է ապօրինի արդյունահանման մասին քրեական գործ, ՇՄԱԳ եզրակացության ուժը կորցրած ճանաչելու մասին գրությունը Շրջակա միջավայրի նախարարություն ուղարկվել է դեռևս 2018թ․, սակայն Կառավարությունը լռում է այդ մասին և փաստորեն, նորանոր խախտումների թույլտվություն է տալիս։ Ավելին, կառավարությունը շարունակում է կոծկել նաև ջերմուկցիների խախտված իրավունքների խնդիրը, մինչդեռ փաստ է, որ Ջերմուկում հանրային լսումներ չեն անցկացվել, ինչպես նաև գոյություն չունի (կամ առնվազն հանրությանը հասանելի չէ) Ջերմուկ համայնքի ղեկավարի և ավագանու նախնական համաձայնության փաստաթուղթը։

Հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ ու թերություններ ունեցող ծրագիր կյանքի կոչելու թողտվությամբ՝ բարձրագույն մակարդակով իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը պատասխանատվություն են կրում այն բանի համար, որ Հայաստանի ողջ բնակչության հաշվին ստեղծվի կորպորացիայի կողմից շանտաժի միջոցով ահռելի գումար աշխատելու հնարավորություն»,-ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Փաշինյանի կառավարությունը և նրան անվերապահորեն կամ լուռ համաձայնությամբ սատարող խորհրդարանականները «լիովին պատասխանատու են երկիրը ցնցումների մեջ գցելու համար»։

«Ներկա իրավիճակում, երբ ակնհայտ է, որ Հայաստանի բնակչության լայն զանգվածները չեն վստահում հանքը բացելուն ուղղված արդարացումներին և դիմադրելու են, վարչապետի մակարդակով Լիդիանի առջև ճանապարհներ բացելու կոչը ինքնին ակնարկում է պետական բռնության կիրառման մասին՝ դրանով իսկ ստեղծելով կառավարության լեգիտիմության ճգնաժամի սպառնալիք։

Վերահաստատում ենք Ամուլսարի պաշտպանության մեր հանձնառությունը եւ հայտարարում, որ այդ ուղղությամբ գործադրելու ենք ամեն ջանք և շարունակելու ենք զորակցել իրենց իրավունքները պաշտպանող բոլոր քաղաքացիներին»,-ասվում է ՀԲՃ հայտարարության մեջ։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով հայտնել էր, որ Ամուլսարի հանքի շահագործումը հարյուր տոկոսով անվտանգ է, իսկ դա նշանակում է՝ ոչ մի լիտր աղտոտված ջուր չի արտահոսի արտաքին միջավայր, բնակավայրերում փոշի, այլ թունավոր նյութեր չեն լինի, ստորերկրյա և մակերեսային ջրերը չեն աղտոտվի, կենսաբազմազանության հետ կապված պրոբլեմներ չեն առաջանա:

Ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը նշել էր, շատ խնդրահարույց կլինի «ԷԼԱՐԴ» ընկերության փորձաքննության եզրակացությունից հետո այդ պայմաններում հանքի շահագործումը թույլատրելը: ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն էլ հայտարարել էր, որ Ամուլսարի ոսկու հանքի հարցով «Էլարդ» կազմակերպության զեկույցը չի փարատել իր մտահոգությունները նախագծի վերաբերյալ և զեկույցը համարել էր առավելապես հակասական՝ կոնկրետ որոշում կայացնելու համար։