10 սեպտեմբերի 2019 - 17:49 AMT
Մեսչյան. 71 հարկանի շենքը նոր տեխնոլոգիա է, նոր մոտեցում՝ թող Երևանում էլ լինի

71 հարկանի շենքը նոր շինարարական տեխնոլոգիա է, նոր մոտեցում է, նոր մտածողութուն է: Այդ մասին հայտարարել է գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը Երևանի ավագանի նիստում՝ պատասխանելով ավագանու անդամներից մեկի հարցին, թե մամուլում տեղեկատվություն է շրջանառվում Երևանում 71 հարկանի շենք կառուցելու մասին:

Ճարտարապետին հարցրել են, թե արդյո՞ք քաղաքապետարանին ներկայացվել է նախագիծ, արդյո՞ք կառուցվելու է, ո՞րն է նրա դիրքորոշումը։

Ճարտարապետը նշել է, որ, ընդհանրապես, եթե Երևանում լինի մեկ հատ 71 հարկանի շենք, ինչու ոչ, հեռու մի տեղ՝ լանջի վրա, թող լինի, հայտնում է Panorama.am-ը:

«Եթե այդպիսի բան կառուցվի, ինչո՞ւ ոչ։ Բայց որտե՞ղ, ինչո՞ւ։ Առաջին հերթին չգիտենք որտեղ, որովհետև նախագիծ չենք տեսել, չգիտենք ինչու, որովհետև դրա պատասխանը դեռ չունենք»,- ասել է մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: «Որովհետև 71 հարկանի շենքը նոր շինարարական տեխնոլոգիա է, նոր մոտեցում է ։ Ինչու ոչ, թող մի հատ շենք էլ Երևանում լինի էլի, ինչ կլինի՞»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն օգոստոսի 23-ին հանդիպել է «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Երևանում կառուցվելիք երկնաքերի հայեցակարգը։ Նախաձեռնողները շնորհանդեսի ընթացքում ներկայացրել են Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքերի ներդրումային ծրագիրը․ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի նախագծային աշխատանքները կտևեն մոտ 2 տարի, իսկ շինարարական աշխատանքները՝ 5։ Ներկայացվել են համալիրի սեյսմիկ կայունության ապահովմանը միտված քայլերը։