11 սեպտեմբերի 2019 - 12:53 AMT
Մոնումենտի դղյակն ու աբովյանցի տատիկի գույքահարկը․ Ինչ կլինի անշարժ գույքի կադաստրային արժեքի հետ

ԱԺ նիստի ընթացքում պատգամավորներն ու կադաստրի պետ Սարհատ Պետրոյանը քննարկել են կադաստրային արժեքի ու, դրանից բխող, գույքահարկի բարձրացում նախատեսող, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը։

Սարհատ Պետրոսյանը նշել է, որ ստեղծելու են շուկայականին մոտ կադաստրային արժեքի գնահատման համակարգ, որը կաշխատի թե հարկման, թե օտարման ու այլ գործարքների համար։ «Սրանով հարկային մուտքերի ավելացում է լինելու հատկապեցս թանկարժեք գույքի հետ կապված», - շեշտել է նա։

Պատգամավորների մոտ մտավախություն է առաջացրել, որ փոփոխություններից տուժելու են խոցելի խավերը։ «Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանը հարցրել է՝ Աբովյան փողոցում ապրող տարեց թոշակառու կնոջ գույքահարկը բարձրանալու կանխման նպատակով ինչ է լինելու։ Պետրոսյանը պատասխանել է, որ այդ օրենքը չունի տվյալ հարցի պատասխանը, սակայն այդ հարցը քննարկվել է բազում անգամ։ «Դրան հաջորդելու է դրույքաչափի ու չհարկվող շեմերի փոփոխութոյւնը։ Այսօր չի հարկվում մինչև 3 մլն կադաստրային արժեքով գույքը, ենթադրում ենք, որ այս փոփոխությունից հետո բարձրացնելու ենք այդ շեմը», - ասել է նա։

Կա նաև գաղափար, ըստ որի անշարժ գույքի հարկը պարտքի տեսքով կցվելու է գույքին ու վճարվելու է ժառանգելիս կամ օտարելիս։ Համայնքները ևս կարող են բացառություններ հաստատել, քանի որ գույքահարկը ու դրա հավաքագրումը նրանց գործառույթն է ու ուղղվում է համայնքային բյուջե։

ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանն, իր հերթին, ասել է, որ Երևանը գոտիների բաժանելը խիստ հարաբերական է՝ այսօր պրոբլեմ կա, երբ, օրինակ, մի մայթին ընկած շենքը Կենտրոնի, մյուսը՝ Արաբկիրի տարածքում է, դրանից բխող խնդիրներով։ Նա նաև նշել է, որ շատ բարդ է լինելու Աբովյան փողոցում ապրող տատիկի համար գույքահարկը պարտք գրանցելը, մեխանիզմը դժվար է պատկերացնել։ «Տատիկի համար դժվար օրեր են սպասվելու հոգեբանորեն, տատիկի համար բեռ ենք ավելացնելու, տատիկը պարտք է գնալու վերցնելու ու, Աստված մի արասցե․․․ հասկացաք»,- նշել է Մելքումյանը։ Պետրոսյանը արձագանքել է, որ բազմաթիվ գործիքներ կարող են լինել՝ սկսած համայնքների որոշումներից, որոնք թույլ կտան, օրինակ, չհարկել թոշակառուներին։

«Իմ քայլից» Հայկ Կոնջորյանը հարցրել է՝ որքան են կազմում օլիգարխների առանձնատների չմուծած գույքահարկյը ու որքան կբարձրանա եկամուտը այն բյուջե ուղղելու դեպքում։ Պետրոսյանը նշել է, որ նման ամբողջացված տվյալներ չկան, բայց բերեց Ազատության պողոտայում առանձնատներից մեկի օրինակը․ 8960 քմ հող զբաղեցնող առանձնատունն ունի հողի կադ արժեքը՝ 17․7 մլն դրամ շինությունը՝ 330 մլն դրամ, այինքն մոտ 347 մլն դրամ։ Փոփոխությունից հետո կադաստրային արժեքը 2․840 մլրդ դրամ է լինելու, որն արդեն մոտ է լինելու կադաստրային արժեքին։

ՊԵտրոսյանը կրկին խոստացել է, որ ռիսկերը մեղմվելու են, սակայն շեշտել է, որ գույքահարկը ցածր է նաև միջին խավի համար, քանի որ սահմանվել է տարիներ առաջ՝ մինչև շինարարական բումը ու գների համատարած բարձրացումը։

Բաբկեն Թունյանն, իր հերթին, անդրադառնալով Պետրոսյանի բերած առանձնատան օրինակին, նշել է, որ այժմ դրա սեփականատերը վճարում է 3․2 մլն դրամ գույքահարկ, իսկ օրենքն ընդունելուց հետո 28 մլն դրամ կվճարի։

«Տատիկ պապիկներ ջան, հանգիստ եղեք, օրենքն ընդունելիս ձեր գույքահարկի բեռը չի ծանրանալու։ Հարգելի գործընկեր ու ոչ գործընկեր սեփականատերեր ջան, եթե ունեք անշարժ գույք, որը կոպեկներով է գրանցված ու որի համար շատ քիչ եք վճարոմ, ձեր համար մի քանի անգամ գույքահարկը կթանկանա», - ասել է նա։