11 սեպտեմբերի 2019 - 19:08 AMT
Ցույց ու երթ ԱԺ-ից կառավարություն՝ ի պաշտպանություն Ամուլսարի

Ամուլսարում ոսկու հանք շահագործելու դեմ պայքարող քաղաքացիները, բնապահպանները ու հասարակական-քաղաքական գործիչները մասնակցում են ցույց ու քայլերթի ի պաշտպանություն սարի։

Հանքի հակառակորդները նախ հավաքվել են ԱԺ այգու դիմաց։ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն իջել է ակցիա անողների մոտ ու անդրադարձել օգոստոսին օրենսդրի այգի ցուցարարներին ներս չթողնելու դեպքին։

Նա նշել է, որ ակցիաներ կարելի է անել ԱԺ նախագահի ու պահպանության համար պատասխանատուների թույլտվությամբ։ Ակտիվիստներից Անի Խաչատրյանը հարցրել է Միրզոյանին՝ ինչու է իշխանությունը ոտնահարում հեղափոխության արժեքներն ու հետ կանգնում ուղիղ ժողովրդավարության վերաբերյալ Փաշինյանի խոսքերից՝ հաշվի առնելով, որ Ջերմուկի բնակիչները վաղուց դեմ են եղել դրան։

Միրզոյանը հայտարարել է, որ մտնում են «տափակ քննարկման» մեջ, ինչից հետո քիչ էր մնում լեզվակռիվ սկսվեր, սակայն հետո Միրզոյանը պարզաբանել է, որ նկատի չուներ Խաչատրյանի ասածը, այլ այն, ինչ կարող էր սկսվել, եթե սկսեն քննարկել մեծամասնության ու փոքրամասնության և դրանց չափելիության հարցերը։

Հանդիպումից հետո ԱԺ մուտքը բացվել է ցուցարարների առաջ։

ԱԺ այգում պիկետից հետո ակտիվիստները շարժվել են երթով՝ Բաղրամյան, Մաշտոց, Ամիրյան, Հանրապետության հրապարակ: